Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած երեք միջնորդությունները դատարանը մերժեց:
Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը նշեց, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն, բայց ցավում է, որ դատարանը Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նման որոշում կայացրեց և հաշվի չառավ, որ խոսքը գնում է վիրահատությունների ենթարկված ՀՀ երկրորդ նախագահի մասին:
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հայտնեց, որ վաղը որոշումը ստանալուց հետո հետագա անելիքները կորոշեն, ամենայն հավանականությամբ հիմքերին ծանոթանալուց հետո կբողոքարկեն:
Նրա պնդմաբ՝ այս որոշումը իրավաբանության հետ առնչություն չունի.
«Մենք գնահատում ենք քաղաքական հետապնդում, գնահատում ենք, որ ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու հարց է և հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը պատասխանատվություն կրեն, մանավանդ, որ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը շատ լավ տեղ է կորոնավիրոսից պաշտպանվելու համար և անվտանգ է»:
Փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը դատախազների մասին է: Օրբելյանը պնդեց նաև, որ դատական գործընթացին Ռոբերտ Քոչարյանի խոչընդոտելու ռիսկը գնահատում են զրո:
Դատարանի բակում հավաքված երկրորդ նախագահի աջակիցները որոշումը իմանալուց հետո վանկարկում էին «ամոթ»:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները։ Նիստին անձամբ ներկայացել և անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Հավելենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։