Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ ի պատասխան COVID-19 ճգնաժամին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ:
Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: ԵՄ առաջին այցը Սարապատ համայնքն էր, որտեղ ընդհանուր առմամբ 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գողովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ։
Իր խոսքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց. «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար։» Իսկ Ամասիայի համայնքի 9 գյուղական բնակավայր՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Գթաշեն, Ջրաջոր, Հովտուն, Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, ստացան 6 մոտոբլոկ ընդհանուր օգտագործման համար:
«Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինել ինքնաբավ և կայուն», – նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի և Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները: Բոլոր ներկաների համար սահմանված էին անհրաժեշտ սանիտարական պայմանները և սոցիալական հեռավորության կանոնները:
Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)` մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին։