«Ով կմատծեր, որ հեղափոխությունից երկու տարի անց կարող է հնարավոր լինել նման բան առհասարակ»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով վարչապետի և արդարադատության նախարարի երեկվա քննարկմանը՝ դատական համակարգի վեթինգի թեմայով:
Բաբաջանյանը նշեց, որ դատական համակարգի արմատական առողջացման փոխարեն այսպիսի շրջադարձ է տեղի ունեցել: «Արդրադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց՝ վարչապետին ապացուցելու համար, թե ինչու և ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, թե ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական և ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գոծելաոճ որդեգրել: Ռուստամ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել է վարչապետի տված հանձնարարականի կատարումը: «Այսպիսով, Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության մասին, քանի որ պարզվում է՝ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկը հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է»,- հավելեց նա:
Պատգամավորը նշեց, որ վարչապետի լռությունը փաստում է, որ իրեն բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու մասին հիմնավորումները: Հակառակ պարագայում արդեն պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին, հավելեց նա:
«Նիկոլ Փաշինյանը և ԱԺ Իմ քայլը խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման կամ այդ ոլորտում հեղափոխության պարտության ու հակահեղափոխության հաղթանակի համար: Երեկվանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդրաադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները: Նույն այն դատավորները, որոնք ներկայում էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ»,- հայտարարեց Արման Բաբաջայնանը: