Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող Հայաստանի քաղաքացիները, չկարողանալով Վրաստանի տարածք մուտք գործել, մի քանի շաբաթ է՝ չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: Այս մասին քաղաքացիները պատմել են Shamshyan.com-ին։
«Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին: Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է:
Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ: Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով: Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»: Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն:
Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշել է կայքին ահազանգած քաղաքացին։