Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսվարողները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։
Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով, հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստում ասաց, որ նախարարությունն իրականացրել է ոլորտի ներկա իրավիճակի ուսումնասիրություն, հարցումներ է իրականացրել 185 ընկերությունների շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություների 54 տոկոսի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական միտումներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների միջինում 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ:
«Հաշվի առնելով կառավարության որդեգրած այն քաղաքականությունը, որ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը պետք է փորձել օգտագործել որպես նոր հնարավորություններ՝ հարցմանը մասնակցած ընկերությունների 74 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերամասնագիտանալ և ապրանքատեսակների ստեղծման մեջ ներրդրումներ կատարել: Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից՝ նախարարությունը ոլորտի տնտեսվարողների համար դրամաշնորհային փաթեթներ է մշակել, որի նպատակն է աջակցել ոլորտի աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանն ու առևտրայնացմանը»,- ասաց նախարարը:
Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է, կարող են դիմել վերջին երկու տարիներին ՀՀ-ում գրանցված ու պրոդուկտ ստեղծած ընկերությունները: Կայացած ընկերություններին հատկացվելիք դրամաշնորհների առավելագույն չափը՝ 20 մլն դրամ: Չափանիշները՝ երկու տարուց ավելի պետք է Հայաստանում գրանցված լինեն, ովքեր պատրաստ են նոր պրոդուկտներ ստեղծել: Երրորդ կետով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք փաստաթղթերով կներկայացնեն, որ ներդրումներ ունեն: Համաֆինանսավորումը տրամադրվելու է 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ: Սա վերաբերում է այն ընկերություններին, ովքեր ներդրող «հրեշտակների» կամ այլ տիպի ներդրողների կողմից ֆինանսավորվել են:
Նախարարը նշեց որ հայաստանյան ՏՏ ընկերությունների 75 տոկոսից ավելին արտահանման ոլորտում են աշխատում, նրանց մոտ պայմանագրերի որոշակի դանդաղեցում կա այս ճգնաժամի պայմաններում: Հարցումների արդյունքով՝ շուրջ 8 տոկոսի մոտ է ճգնաժամը դրական կամ շատ դրական ազդեցություն ունեցել: Բայց 58 տոկոսի շատ բացասական ու բացասական ազդեցություն է եղել: Իսկ ընկերությունների 38 տոկոսի մոտ ընդհանրապես ազդեցություն չի եղել, նրանք բնականոն շարունակում են աշխատել: