00:00:00

Հակաճգնաժամային 9-րդ ծրագրով սխալմամբ օժանդակություն են ստացել ՊՆ զինծառայողներ. Կնշանակվի ծառայողական քննություն

16:47, 06 մայիս 2020

Պարզվում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ օժանդակություն են ստացել նաեւ ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ եւ զինծառայողներ, թեեւ օժանդակությունը նախատեսված է այն ընտանիքների համար, որտեղ երեխայի երկու ծնողներն էլ չեն աշխատում: Այս առնչությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, եւ այդ թվի մեջ ներառված են նաեւ ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ եւ զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները եւ աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր