Օրեր առաջ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով վիրավորում ստացածներից երկուսը, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ, հորեղբոր որդիներ են՝ Գավառի բնակիչներ Արմեն եւ Դավիթ Հայթյանները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանց փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը տեղեկացրեց, որ Արմեն Հայթյանը նախ Ազատության փողոցում է ստացել հրազենային վիրավորում ոտքի եւ որովայնի հատվածում, ապա հարձակման ենթարկվելով նաեւ հիվանդանոցում՝ ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին: Մյուս եղբայրը՝ Դավիթ Հայթյանը, ըստ փաստաբանի, Ազատության փողոցի միջադեպին մասնակից չի եղել եւ որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել. նա հիվանդանոց է գնացել եղբորը խնամելու, եւ հարձակման պահին գտնվելով նրա կողքին՝ ստացել է դանակի հարվածներ սրտի հատվածում:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում շարունակվում է ծառայողական քննությունը:
Մեր զրույցում Հայթյանների փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքի հանգամանքներից՝ նշելով, որ կատարվածը կապ չունի նախկինում գրանցված սպանությունների հետ եւ չունի նաեւ քաղաքական պատճառաբանություններ. «Սա մարզում հանցավոր խմբավորման գոյություն ունենալու արդյունքն է, Վլադիմիր Գասպարյանը (ՀՀ նախկին ոստիկանապետն է,- խմբ.) եւ Վարդան Նադարյանն են (Գավառի նախկին ոստիկանապետ, Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ,- խմբ.) սերտ կապեր ունեցել եւ թողել, որ այս հանցավոր խումբը 1993-ից մինչ օրս գոյություն ունենա Նորատուսում»: Մուխսիկարոյանը նշեց, որ անուններ չի տալու, բայց տեւական ժամանակ եղել են սպառնալիքներ, որ «կամ պիտի մեզ հետ լինեք, կամ ոչնչանաք». «Չասեմ՝ նորատուսցիներ, ինչ-որ խմբավորում է, որ ուզել է՝ մերոնք զինվորագրվեն իրենց կլանին, հավատարիմ ծառայեն իրենց, հարկ եղած դեպքում կատարեն հանցագործության հրամաններ, բայց Արմենը հրաժարվել է, ասել է՝ ես կապ չունեմ»: