Մեկ օրում ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատված, ապա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված, այդ պաշտոնից ազատված եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանն այդ ընթացքում պետք է որ հասցրած լինի նաեւ գնդապետի կոչում ստանալ։ Խնդիրն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույն հոդվածի 6.1 կետով՝ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Պաշտոնական տվյալով՝ Քյարամյանին կոչում շնորհվել է 2018 թվականին՝ հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։
Ե՞րբ է Քյարամյանը գնդապետի կոչում ստացել, այս հարցով դիմեցինք Քննչական կոմիտե, որտեղ ասացին, որ իրենց մոտ մեկ օր պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Քյարամյանը կոչում չի ստացել։ ԱԱԾ-ից տեղեկացրին, որ իրենց ձեռքի տակ առայժմ պաշտոնական կենսագրությունը չկա։ Ի տարբերություն Քննչական կոմիտեի, որտեղ այս տարվա ապրիլի 20-ին կառավարության որոշմամբ՝ ՔԿ նախագահի եւս մեկ տեղակալի հաստիք էր բացվել, ըստ էության, հենց Քյարամյանի համար, ԱԱԾ տնօրենի 5-րդ տեղակալի հաստիքը մինչեւ հիմա թափուր էր, այս հաստիքում էլ նշանակել են Արգիշտի Քյարամյանին։