Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք: Մահացել է մեկ քաղաքացի: Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 2619 է: Մեկ օրում առողջացածների թիվը 40 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1111, փաստացի բուժվողներինը՝ 1462: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 846 քաղաքացի: Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աճ։ Հաստատված դեպքերն ավելանում են եռանիշ։ Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը հետևյալ պատկերն ունի։
65, 134, 82, 125, 113, 121, 118:
Համաճարակը Հայաստանում մինչ այս պահը խլել է 40 քաղաքացու կյանք։Մահացածներից ամենաերիտասարդը 27 տարեկան է եղել, ամենատարեցը՝ 93։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հիվանդության տարածման մի սցենար, որը պետք է մեր ջանքերով ոչ մի դեպքում տեղի չունենա։ Նախարարը հիշեցրել է, որ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է, երկրի ղեկավարությունը երեկվանից տնտեսական գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը թույլատրել է։ Հայաստանում արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 14-ին, մինչ այդ որոշակի սահմանափակումներ դեռ կլինեն։ Երեւանը՝ արտակարգ դրության, բայց սահմանափակումներից ազատված, կադրերն առանց մեկնաբանության։
Այս ամենը Հայաստանում իսկ աշխարհում ըստ Worldometers կայքի COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն հասնում է 3 միլիոն 646 հազար 871-ի: Մահացության ցուցանիշը գերազանցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար հիվանդ: Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կա ավելի քան 1 միլիոն 213 հազար վարակված: Մահացել է 70 հազար հիվանդ, ապաքինվել 188 հազարը: Երկրորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում վարակված է 248 հազար մարդ, մահացածների թիվը գերազանցում է 25 հազարը, բուժվել են 151 հազարը:
Երրորդն Իտալիան է: Վարակվել է մոտ 212 հազար քաղաքացի: Եվրոպական այս երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 30 հազարին:
Վարակվածների թվով չորրորդը Մեծ Բրիտանիան է: Այստեղ կա ավելի քան 190 հազար վարակված, մահացել է մոտ 29 հազար մարդ:
Հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակված են մոտ 170 հազարը, մահացել է 25 հազար հիվանդ:Գերմանիայում էլ կա 166 հազար վարակված: Մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ մոտ 7 հազար: Շատ են ապաքինվածները՝ 135 հազար: Վարակվածների թվով Ռուսաստանը յոթերորդն է աշխարհում: Այստեղ կա ավելի քան 145 հազար հիվանդ: Մահացել է 1356 մարդ:
Անտեսանելի համաճարակի տեսանելի պայքարը տալու է իր արդյունքները, վստահ են ոլորտի մասնագետները։ Առողջապահական համակարգը շարունակում է գերլարված աշխատանքը, անքուն գիշերներ, հոգնած աչքեր, վաղվա օրը ավելի լավը լինելու չմարող հույսեր։ Աշխարհը պանդեմիայից հետո նույնը չի լինելու, լինելու է ավելի լավը, իսկ որպեսզի այդ ճանապարհին մարդկային կորուստները քիչ լինեն, անհրաժեշտ է լինել պատասխանատու սեփական անձի ու հասարակության նկատմամբ։
Irakanum.am