00:00:00

Սա պետության վախճանն է. մարդիկ չեն վստահում իրավապահներին. փաստաբան

17:54, 02 մայիս 2020

Հայաստանում իրավապահ համակարգի գործունեության եւ որակի տեսանկյունից վերջին 2 տարիներին խայտառակ նահանջ է արձանագրվել: Այս կարծիքին է փաստաբան Լուսինե Սահակյանը: «Առանց այն էլ, այդ համակարգի հետ կապված, մենք լուրջ աշխատանք պետք է տանեիք, որպեսզի այդ մարմինները իրական իրավապահ մարմիններ համարվեին եւ կարողանային ապահովել այն գործառույթները, որոնք պարտավոր են ապահովել, բայց բայց հիմա այս հեղափոխությունից հետո մենք հետ ենք վերադարձել 90-ականներ, դեռ 90-ականներից ավելի վատ վիճակում ենք»,-«Փաստինֆո»-ին ասաց փաստաբանը՝ անդրադառնալով երկրում տիրող իրավաքաղաքական մթնոլորտին: «Մենք ունենք իրավիճակ, երբ բաժիններում մարդկանց ծեծի են ենթարկում, մենք տեսնում ենք հանցավորության աճը, մենք տեսնում ենք ատելության մթնոլորտը եւ այս ամենը գալիս է նրանից, որ ոստիկանությունն իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն մարդկանց ապօրինի բերման էր ենթարկում եւ հանցավորության դեմ իրական պայքարի փոխարեն իր ժամանակը ծախսում էր նրա վրա, որ երկրի առաջին դեմքը լայվեր մտնի, տեսանյութեր ցույց տա»,-ասում է Լուսինե Սահակյանը: Նա նկատեց, որ հասարակության մեջ ատելությունը շատացել է, ատելության խոսքն անընդհատ հնչում է հենց երկրի առաջին դեմքի շուրթերից. «Սամասուդ անելու, մարդկանց պատերին ծեփելու, թաթիկները կտրելու… այս ամենը պետք է բերեր հանգեցներ այս իրավիճակին»։ Բացի այդ՝ իրավապահ մարմինները մարդկանց ասֆալտին պառկեցնելու հրահանգներ էին ստանում,որի արդյունքում հեղինակազրկվել են»: Փաստաբանը տարակուսելի է համարում, որ անգամ ԱԺ փոխնախագահն է իր խնդիրները բռունցքներով լուծում. «Ես չգիտեմ, թե իրականում այնտեղ ինչ է տեղի ունեցել, բայց ես լսում եմ պատգամավորի խոսքը, որն ասում է, որ այլ ճանապարհ չուներ: Հասել ենք նրան, որ նույնիսկ պատգամավորը գտնում է, որ իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն չկա եւ նույնիսկ ինքն է գտնում, որ իր հարցերը պետք է անձամբ լուծի, բնականաբար մարդիկ այս իրավիճակում ցանկանում են իրենք կարգավորել իրենց հարցերը, ասենք, մտնել հիվանդանոց եւ պարանոց կտրել»: Լ.Սահակյանն ասում է՝ օրինակ, դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ անձի քիթը կոտրում են, բայց հենց նա է քրեական պատասխանատվության ենթարկվում, իսկ մյուսի նկատմամբ որեւէ գործողություն չի իրականացվում: «Պատգամավորը արդյո՞ք իր կատարածի համար զղջաց, դա չի երեւում եւ խնդիրն այն է, որ իրենք գտնում են, որ դա է ճիշտը: Ոստիկանության հսկողության տարածքում մարդկանց պարանոցը կտրում են, ոստիկանությունն ասում է՝ 500 հոգի էին, ոստիկանապետն այստեղ չէր, սա խայտառակություն է… Ես չեմ տեսնում , որ ոստիկանապետը պատրաստվում է հրաժարական տալ, երկրի առաջին դեմքը ոչինչ չի ասում մի հարցի շուրջ, որը ամբողջ բնակչությանն է հուզում է: Նա իր ընտանիքի հետ զրույցներով է զբաղված: Սա նշանակում է, որ այդ ամենն ընդունելի է եւ կապ չունի, թե ում պարանոցը կկտրեն, կարեւորն այն է, որ իրենք իրենց իշխանությունը պահեն եւ իրենց լավ զգան»։ Փաստաբանն ահազանգում է՝ սա պետության վախճանն է: Նրա խոսքով, մարդիկ չեն վստահում իրավապահներին, որովհետեւ տեսնում են անպատժելիության մթնոլորտը: « Այսօր , երբ մենք տեսնում ենք, որ ոստիկանները ակնհայտ ապօրինի գործողություններ են անում ու դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում, երբ նրանց թիրախը 5 տարեկան երեխան է կամ 80 տարեկան կինը, բնական է, պետք է հասնեինք այս իրավիճակին : Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ բարձրաստիճան մարմիններն են հովանավորում խմբավորումներին եւ մենք էլ պրակտիկայում տեսնում ենք, որ անձինք մնում են անպատիժ եւ արդյունքը լինելու էր սա՝ մարդիկ իրենք են լուծում իրենց խնդիրները՝ հույս չդնելով իրավապահ մարմինների վրա: Ես արդեն հնարավորություն ունեցել եմ ասելու, որ մենք կորցնում ենք մեր պետությունը , ես պետական մոտեցում չեմ տեսնում այս անձանց մոտ, որոնք եկել են իշխանության»:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր