Վլադիմիր Ծուղունյանը բժիշկ-թերապևտ է։ Մեկ ամսից ավելի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գործընկերների հետ առաջնագծում է. պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։
Բժիշկը պատմում է. «Զգացողություններս բազմազան են՝ կապված տվյալ օրով, ժամ ու րոպեով։ Լինում են և՛ ուրախալի, և՛ անչափ տխրեցնող պահեր՝ կապված պացիենտների առողջական վիճակով»։
Խոստովանում է՝ այս օրերին ամենադժվարը կարոտը հաղթահարելն է: «Ամենաբարդը դստերս չտեսնելն է, արդեն 35 օր է նրան չեմ տեսել։ Անչափ կարոտել եմ, մենք իրար հետ կապված ենք, բայց չեմ կարողանում անգամ գնալ հեռվից տեսնել նրան, որովհետև վստահ չեմ, որ ինձ կկարողանամ զսպել, կգրկեմ, կհամբուրեմ, իսկ ամենատխրեցնողն այն մտավախությունն է, որ մայիսի 15-ին նրա 3-ամյակի տարեդարձին հնարավոր է չկարողանամ լինել տանը և իր հետ նշել»,- ասում է բժիշկը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր պացիենտին անհատական և յուրովի մոտեցում է անհրաժեշտ. «Բժիշկն այս պայքարում նաև հոգեբանորեն շատ մեծ աշխատանք է անում։ Ունենք կլինիկական հոգեբանների շատ լավ թիմ, ովքեր անհրաժեշտության դեպքում իրենց օգնությունն են ցուցաբերում և՛ պացիենտներին, և՛ նրանց հարազատներին»:
Բժիշկը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի դժվարությունները բազմաթիվ են՝ սկսած հասարակության ոչ պատասխանատու ու թերահավատ վերաբերմունքից վիրուսի նկատմամբ, վերջացրած բուժական դժվարություններով, և վերջապես համավարակը նոր է, մինչև վերջ չուսումնասիրված, և հակավիրուսային դեղ ու պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել։ Խոստովանում է, որ անկախ ամեն ինչից՝ չեն մտածում հոգնելու կամ ձանձրանալու մասին:
«Այս ընթացքում ամբողջ բուժանձնակազմը, մի մեծ ընտանիք դարձած, պայքարում է հանուն մի նպատակի, որ հնարավորինս շուտ հաղթահարենք այս արհավիրքը ու վերադառնանք մեր ընտանիքներին և առօրյա բնականոն կյանքին։ Մեզ ուժ են տալիս մեր ընտանիքների, մտերիմների,
պացիենտների ու պարզապես անծանոթների լավ խոսքերն ու գնահատանքը»,- նշում է Վլադիմիր Ծուղունյանը։
Բժիշկը պատմում է, որ պացիենտների հետ ստացվում է մտերմանալ. «Ինչքան էլ նրանք պաշտպանիչ արտահագուստի պատճառով մեր դեմքերը դժվար են տեսնում ու տարբերում, բայց միանշանակ ստացվում է մտերմանալ պացիենտների հետ։ Անգամ ապաքինվելուց ու դուրս գրվելուց հետո կապ պաշտպանում ենք, իրենք են հաճախակի զանգում, հետաքրքրվում բժիշկների որպիսությամբ ու առողջություն մաղթում մեզ»։