Արժանապատվության կարեւորությունը եւ արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները եւ հասարակությունները ատելության եւ բռնությունների (նաեւ դրանցից բխող բացասական երեւույթների) պակաս չեն ունենալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏԵԼԻ Է
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թվական) ընդունվել եւ հռչակվել է նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը: Հռչակագիրը շեշտում է մարդկային արժանապատվության ժառանգական անգնահատելի արժեքը, որը պետք է ճանաչվի բոլոր մարդկանց համար:
Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու անօտարելի արժանապատվությունն է համարում իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու արժանապատվության իրավունքը բացարձակ եւ անսահմանափակելի իրավունք է:
Վերջին իրադարձությունները (վիրավորանքներ, բռնություններ) ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում:
Դեռեւս 2018թ. օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան էջում նշել էի՝
«Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների եւ վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:»:
2020 թվականն է: Հայհոյանքները եւ վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած:
Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վերացնելու համար երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հիմնականում դրսեւորվում է ատելության խոսքի եւ հայհոյանքի ձեւերով:
Արժանապատվության կարեւորությունը եւ արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները եւ հասարակությունները ատելության եւ բռնությունների (նաեւ դրանցից բխող բացասական երեւույթների) պակաս չեն ունենալու:
Դեռ ուշ չէ»։