Ղարաբաղում գործում է երեք անցակետ: Եթե նախքան սահմանափակող միջոցառումներն ընդունելն այդ անցակետերով անցնում էր շուրջ 1500 մարդ, այժմ այդ թիվը կրճատվել է մինչեւ 500-ը՝ շնորհիվ արտակարգ դրության եւ մտցված սահմանափակումների: Այդ մասին մայիսի 1-ին Ստեփանակերտում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակաբանական ինսպեկցիայի ղեկավար Օֆելյա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անցակետում կան բժշկական կետեր երկու բուժաշխատողով, որոնք իրականացնում են անհրաժեշտ սանիտարական միջոցառումները:
«Ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները նրանց աշխատանքի եւ հանգստի համար: Մեր բոլոր բուժաշխատողներն ապահովված են պաշտպանության անհրաժեշտ միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, գլխարկներ: Կան բոլոր անհրաժեշտ ախտահանիչ միջոցները ձեռքերի համար»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ այդ պաշարը մշտապես համալրվում է:
Նա նաեւ հայտնել է, որ բոլոր քաղաքացիները պարտադիր ջերմաչափվում են Հանրապետություն մուտք գործելիս: Եթե ջերմությունը նորմայի սահմանում է (մինչեւ 37 աստիճան), ապա քաղաքացուն առաջարկում են բնակության վայր ժամանելիս ինքնամեկուսանալ 14 օրով:
«Նրան տրամադրվում է ինքնամեկուսացման մասին նշումով փաստաթուղթ: Եթե քաղաքացու ջերմությունը գերազանցում է թույլատրելի նորման, ապա նա անհապաղ մեկուսացվում է համապատասխան բուժհաստատության մեկուսարանում, որտեղ նա մնում է հսկողության տակ, հետազոտվում եւ թեստավորվում COVID-19-ը բացառելու համար»,-ընդգծել է Հարությունյանը:
Պաշտոնյան նաեւ նշել է, բժշկական անցակետերի եւ բժիշկների աշխատանքը հսկվում է ինսպեկցիայի եւ Համաճարակաբանության ու հիգիենայի կենտրոնի կողմից:
«Հերթապահ բուժաշխատողները ստանում են նաեւ հավելյալ ֆինանսավորում, բացի իրենց հիմնական աշխատավարձից»,-ամփոփել է Հարությունյանը: