Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ:
Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:
Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:
Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:
Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան,եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
- մեդալակիր դիմորդներին.
- արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
- հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
- ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.
- պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
- տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին: