00:00:00

Հայաստանը և Գերմանիան կփոխանակեն վարակի դեմ պայքարում փորձը. ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

20:58, 28 ապրիլ 2020

Ապրիլի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարևորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ: Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց իր պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման և խորացման ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում արտգործնախարարներն անդրադարձան ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Արևելյան գործընկերության հարթակը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում: Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները և կարևորեց առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետևելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր