00:00:00

Պահանջում եմ կրկնել նույն բանը Ալեն Սիմոնյանի ներկայությամբ․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին

18:01, 28 ապրիլ 2020

Դուք որտեղի՞ց գիտեք, թե ում ոնց են ընդունում, ում մասին ինչ կարծիք ունեն և նախևառաջ լսեք Ձեր մասին կարծիքները և հետո նոր Ձեզ իրավունք վերապահեք մի մարդու մասին խոսել, ով դահլիճում չի գտնվում: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք ու ժողովուրդը լուրջ ընդունեն: Դավոյանն իր ելույթում պահանջեց Սամսոնյանից կրկնել նույն բանը Ալեն Սիմոնյանի ներկայությամբ եւ ասել, թե ումից է լսել նման կարծիքներ։ «Այսօր այս դահլիճում պոպուլիզմի ցերեկույթ էր՝ չնայած դա սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց այս համաճարակի հետ կապված ողջ գործընթացը»,- շարունակեց Դավոյանը։ Նրա համոզմամբ՝ համաճարակի բռնկման հետ մեկտեղ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում պոպուլիզմի բռնկում սկսվեց։ «Օրինակ՝ ասվում է, բարեբախտաբար, խնայողություններ եք արել։ Խնայողությունները բարեբախտաբար չեն արվում, դրանք արվում են նպատակային, ծրագրված, եւ խնայողություններն անում է Կառավարությունը»,- ասաց Դավոյանը։ Անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգմավոր Էդմոն Մարուքյանի ելույթին, նա ասաց․ «Մարուքյանի ելույթը սկսվում է այս բառերով՝ կուշտը սովածին մանր է փրթում։ Դա մե՞զ է ասում, կուշտ մե՞նք ենք։ Կուշտերի ժամանակ պատգամավոր է եղել, քանի՞ անգամ է նման ելույթ ունեցել, ոչ մի անգամ» «Ի՞նչ է նշանակում՝ մարդիկ աջակցության ծրագրերի ցանկերում փնտրում են եւ իրենց չեն գտնում։ Շատ մարդիկ էլ գտնում են։ Ես հասկանում եմ, որ ձեզ ձեռնտու չէ, որ ասեք՝ այս տնտեսվարողը դիմել է եւ ստացել է գումարը, այս քաղաքացին դիմել եւ ստացել է գումարը»,- նկատեց Դավոյանը։ Նա նաեւ մեջբերեց այն փաստը, որ անընդհատ ասվում է՝ մենք պատասխանում ենք հեռախոսազանգերին։ «Մենք էլ ենք պատասխանում զանգերին, նամակներին, մեր օգնականները աշխատում են պարետատանը, մենք դրա մասին չենք բարձրաձայնում։ Մենք չենք ասում՝ մեզ են դիմել հազարավոր քաղաքացիներ, մենք չենք հաշվում զանգերը, մենք պարտավոր ենք պատասխանել այդ զանգերին, եւ դա նորմալ է։ Ասում եք՝ մարդկանցից գնում քվե եք խնդրում, հիմա էլ վրաները գազ ու լույս եք անջատում։ Նախ՝ մենք չենք անջատում, հետո՝ հասկանում եմ, որ անընդհատ պետք է ասեք այն, ինչ ձեզ է պետք»,- ասաց Դավոյանը՝ կոչ անելով պոպուլիզմի չդիմել, որովհետեւ այս համավարակի պատճառով հիմա ամբողջ աշխարհում է ամեն ինչ գլխի վայր շուռ եկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր