Գործող իշխանությունը ոչ թե ձգտում է հաղթահարել երկրում առկա համակարգային ճգնաժամը, այլ էլ ավելի է խորացնում այն և ժողովրդի, պետության ու տնտեսության շահերը պաշտպանելու փոխարեն վերածվել է օտար գաղութային կապիտալի և տեղական օլիգարխիայի շահերի փաստաբանի:Մենք մերժում ենք գործող իշխանության կառավարման տրամաբանությունը, որի պարագայում.
- պետության ղեկավարը հավաստիացնում է, թե արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով անջատումներ չեն լինելու, սակայն կարճ ժամանակ անց անօգնական ձախողակի նման արդարացնում է մեր բնակչության հանդեպ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի գիշատչական վերաբերմունքը, հիմնավորելով, որ ուրիշ տարբերակ չկա և քաղաքացին պարտավոր է վճարել, հակառակ դեպքում կարող ենք ընդհանրապես զրկվել հոսանքից ու գազից,
- արտակարգ դրության պատճառով դադարեցվում է տնտեսության հիմնական մասի գործունեությունը և ինքնաբերաբար առաջանում է «ֆորս մաժոր» իրավիճակ, սակայն որոշ ժամանակ անց՝ ի շահ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի, իշխանությունն արդեն անտեսում է այն հանգամանքը, որ պահպանվում է նույն արտակարգ դրությունը ու տնտեսությունը շարունակում է չաշխատել և հայտարարում է, թե այլևս «ֆորս մաժոր» չէ, ինչի հիման վրա եզրակացնում է, որ աշխատանք ու եկամտի աղբյուր չունեցող բնակիչները պարտավոր են կատարել կոմունալ վճարումները, հակառակ պարագայում կանջատվի նրանց բնակարանների հոսանքը և գազը,
- առանց գազի և հոսանքի մնացած քաղաքացիների բողոքը լռեցվում է նախորդ ռեժիմից ժառանգած ոստիկանության ենիչերիական մեթոդներով:
Այն պայմաններում, երբ համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների հաղթահարման նպատակով պետությունը միջազգային կառույցներից և դոնոր երկրներից ստացել է ավելի քան 500 մլն եվրո գումարի չափով օգնություն, նման գործելակերպն առավել քան դատապարտելի է:
Ինչ վերաբերվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ համաճարակի պայմաններում ռուսական պետական և մերձպետական կապիտալի գիշատչական գործելակերպին, ապա այն միանշանակ կերպով պետք է որակել որպես էներգետիկ լծակների չարաշահմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչություն, որին անհրաժեշտ է հակադարձել համարժեք գործողություններով:
Վերը նշվածի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք կատարել բնակչության կյանքն ու առողջությունը և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները և այդ նպատակով.
- հնարավոր մասով չեղարկել, փոխհատուցել կամ առնվազն հետաձգել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները,
- քայլեր ձեռնարկել դրանց գերուռճացված սակագները վերանայելու ուղղությամբ,
- վերանայել Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ նախկին ապօրինի ռեժիմների կնքած գազի մատակարարման և ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների հանձնման վերաբերյալ պայմանագրերը,
- դիվերսիֆիկացնել Հայաստան ներմուծվող գազի մատակարարումը և այդ նպատակով բանակցություններ սկսել Իրանի հետ:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան