00:00:00

Իշխող խմբակցությունը դեմ է փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու եւ զրպարտելու համար քրեական պատասխանատվության ենթարկել

14:11, 28 ապրիլ 2020

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 27.04.2020թ. տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաեւ կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելը եւ զրպարտելը: Քննարկմանը մասնակցել են նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը: Կառավարության ներկայացուցիչ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը առարկել է փաստաբանին վիրավորելու եւ զրպարտելու արարքը քրեականացնելու նախաձեռնությանը: Առարկության հիմնական փաստարկը կայանում էր նրանում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի 1577(2007) բանաձեւի համաձայն պետք է ապաքրեականացվեն զրպարտանքը եւ վիրավորանքը: Քննարկման ժամանակ առարկության փաստարկի վերաբերյալ ներկայացված հակափաստարկների համաձայն՝ - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի 1577(2007) բանաձեւով ոչ թե անիրավաչափ է համարվում զրպարտության քրեականացումը, այլ զրպարտության համար ազատազրկումը՝ որպես քրեական սանկցիա սահմանելն ու կիրառելը, ինչպես նաեւ պահանջվում է կենսունակ պաշտպանական երաշխիքներ սահմանել զրպարտության համար հանրային կամ մասնավոր կարգով մեղադրվողների համար ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական վարույթների ընթացքում. - ՀՀ քրեական օրենսգիրքն (344-րդ հոդված) արդեն իսկ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը համարում է հանցագործություն. - ՀՀ քրեական օրենսգիրքը (333.2-րդ հոդված) մարդու իրավունքների պաշտպանին վիրավորելը համարում է հանցագործություն: Քննարկման արդյունքում հանձնաժողովը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ ձայներով չի ընդունել նախագիծը: ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ նախագիծը նպատակ էր հետապնդում նախատեսել անհրաժեշտ իրավական մեխանիզմներ փաստաբանի մասնագիտական գործունեության անկաշկանդ իրականացման համար, ինչն առաջին հերթին բխում է փաստաբանի վստահորդի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: Վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, ինչը չի կարող բացասաբար չազդել փաստաբանների կողմից տրամադրվող իրավական օգնության որակի վրա, դրանով իսկ խախտելով (խախտման վտանգ ստեղծելով) վերջիններիս վստահորդների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու, ինչպես նաեւ քննարկման ընթացքում սկզբունքային դիրքորոշում հայտնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր