Ռուսաստան եմ եկել 2019 թվականի հունիսին աշխատելու նպատակով, իսկ հիմա վերադառնում եմ, որպեսզի պարտքս հանձնեմ՝ զինվորական ծառայության պետք է մեկնեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում մնացած ՀՀ քաղաքացիներից Արման Բոյախչյանը, որը սպասում է դեպի Հայաստան թռիչքին։
«Բնակության հետ խնդիրներ ունեի, օդանավակայանում չեմ եղել, զանգել եմ դեսպանատուն, ինձ հասցե են ուղարկել, եւ եկել եմ այստեղ։ Այս պահին գտնվում եմ իրենց կողմից տրամադրած հյուրանոցում , ամեն սենյակում 2 հոգի են մնում։ Կարծում եմ՝ նորմալ է, որ 2 հոգի են մնում ամեն սենյակում, քանի որ այդքան սենյակներ դժվար կլիներ հատկացնել, որ ամեն սենյակում 1 մարդ մնար, ես ինձ հարազատ մարդու հետ եմ, որեւէ խնդիր չկա։ Թռիչքի վերաբերյալ տեղեկություն չունեմ, ամեն րոպե հետեւում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջին»,–ասաց նա։
Հարցին արդյոք իրենց մոտ գումար կա՞, եթե թռիչք լինի կարո՞ղ են տոմսեր գնել քաղաքացին պատասխանեց. «Ես արդեն 6 օր է՝ այստեղ եմ եւ այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ գումար ունի ու այստեղ է. բոլորն էլ ունեն փողի խնդիր, եթե գումար ունենային չէին գա հասնի այստեղ, մարդկանց գլխին անիմաստ բեռ լինեին»։
Արդյոք իրենց լա՞վ են զգում, ջերմություն եւ այլ ախտանշաններ չունեն, քաղաքացին պատասխանեց. «Այստեղ նման դեպք չեմ հանդիպել, իսկ օդանավակայանում եղել է, թե ոչ, չգիտեմ։ Բայց այստեղ մնալն ավելի ճիշտ է, բոլորս էլ գիտենք, որ օդանավակայանում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է»։