ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել կապված «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված եւ դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանի հայտարարությունների հետ:
Վերջինս Shamshyan.com-ի տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իբր գործը պատշաճ չի քննել, դրսեւորել է կանխակալ եւ ուղղորդված մոտեցում:
ՀՔԾ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել քրեական գործով կատարված նախաքննության վերաբերյալ անհիմն շահարկումներից, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության կողմից անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ:
Նախ` փաստաբանի այն տարակուսանքը, թե ինչպես կարող էր կալանավայրում գտնվող մեղադրյալ Հայկ Կարապետյանը Երեւան քաղաքի Արմենակյան փողոցում կաշառք տալ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանին, առնվազն ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է եւ պատիվ չի բերում տվյալ փաստաբանին, ում պետք է որ հայտնի լիներ, որ նախաքննության ընթացքում Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել միջնորդավորված ձեւով կաշառք տալու համար: Տվյալ դեպքում կալանավայրից Հ. Կարապետյանի դուրս գալը եւ Երեւան հասնելն ամենեւին պարտադիր չէր:
Բացի այդ, հարկ ենք համարում նշել նաեւ, որ Մասիս Մելքոնյանը հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբրեւ նախաքննության ավարտից հետո մյուս պաշտպանները չեն ծանոթացել լրացուցիչ քննության նյութերին: Այս կապակցությամբ էլ հայտնում ենք, որ գործով մյուս մեղադրյալները եւ նրանց պաշտպանները ծանոթացել են քրեական գործի նյութերին նաեւ լրացված մասով, որից հետո գրավոր այդ մասին տեղեկացրել են վարույթն իրականացնող մարմնին` նշելով, որ նախաքննության փուլում որեւէ միջնորդություն չեն ներկայացնում:
Իսկ եթե Մասիս Մելքոնյանը նկատի է ունեցել, որ նախաքննությունը լրացնելուց հետո իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանին նախաքննության ավարտ կրկին հայտարարելուց մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկա չի եղել, ապա փաստաբանին հարկ է հիշեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, ըստ որի` դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը»: