Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում, գրում է shamshyan.com-ը:
Ինչեպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային
ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: