00:00:00

Գործատուն չի կարողանա աշխատողին ուղարկել իր հաշվին արձակուրդի կամ չվճարել. «ՀԺ»

13:35, 21 մարտ 2020 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Վերջին օրերին բազմաթիվ են ահազանգերը, որ շատ գործատուներ իրենց աշխատակիցներին ստիպում են  ստորագրել փաստաթուղթ, որ իրենց հաշվին արձակուրդ են վերցնում: Սրանով գործատուները փորձ են անում խուսափել արտակարգ դրության ռեժիմի պատճառով հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցների աշխատավարձի վճարումից: Երեկ, օրինակ, ՀԺ-ի հետ զրույցում նման ահազանգ հնչեցրեց «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից մեկը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: «Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա Կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում, որն առաջիկա շաբաթների ընթացքում կբերի խորհրդարան: Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- տեղեկացրեց պատգամավորը: Մեր հարցին, թե ի՞նչ չափի է լինելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատողի վարձատրությունը, Տիգրանյանը պատասխանեց. «Նախագիծը դեռ աշխատանքային փուլում է, գուցե Կառավարությունն ինչ-որ փոփոխություն անի, մինչեւ ես ձեզ ինչ-որ թիվ ասեմ: Բայց պետք է այնպես լինի, որ գոնե նվազագույն աշխատավարձից պակաս գումար աշխատողը չստանա»: Իսկ արդյո՞ք այդ փոփոխությունը կտարածվի այս օրերին առաջացած խնդիրների վրա՝ պատգամավորն ասաց, որ այն գրվում է հատուկ այս արտակարգ դրության ընթացքում առաջացած դեպքերի առիթով. «Կապ չունի՝ երբ ուժի մեջ կմտնի այս փոփոխությունը, այն գրված է հենց այս դեպքի համար եւ նշվելու է, որ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ տարածվում մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝  այսինքն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից»: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր