«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչեւ նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաեւ ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, եւ մի փոքր մեղմացրել են դրույթները:
Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլ նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, եւ որոշել են փոփոխություններ կատարել: