Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով և ապառաժ քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է անդունդում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում մոտ 200 մետր անդունդից հատուկ ճոպանների ու պատգարակի միջոցով դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: