00:00:00

Դասախոսությունների շարք և նախագահական մրցույթ

18:25, 20 մարտ 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: 45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը: Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին: Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն): Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները: Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն [email protected], իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ): Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր