ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տալիս` մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդատվական տեսանյութն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանը:
«Հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո: Հազալիս և փռշտալիս փակեք քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք»,-հորդորում է նախարարությունը:
Նապարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում), նախքան ձեռքերը լվանալը չդիպչել երեսին: Խորհուրդ է տրվում անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափել շատ ուղևորներ տեղափոխելուց:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Video Player