Մենք ենք այսքան ժամանակ մեր ելույթներով փորձում դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել, դատավորի անկախությունը պաշտպանել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հետաձգված դատական նիստին իր՝ դատախազի աթոռին նստելու եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ դատավորի աթոռին նստելու իրադրությանը։
«Եթե գնահատական տված լինեինք, որ աթոռին ենք նստել, ապա չէինք անի։ Եթե ապօրինի կամ անհարգալից քայլ նկատեինք մեր կողմից, ապա մենք նման քայլի չէինք գնա։ Մենք ենք այսքան ժամանակ մեր ելույթներով փորձում դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել, դատավորի անկախությունը պաշտպանել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված եւ դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսեւորած վարքագծի առնչությամբ: