00:00:00

«Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն. Նիկոլ Փաշինյան

21:23, 18 մարտ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադառնալով բանկերի կողմից հայտարարված վարկային արձակուրդներին, հարցին՝ դա լա՞վ է սպառողի համար, իսկ արդյո՞ք լավ է բանկային համակարգին, ասաց.

«Մենք շատ գործողություններ որ անում ենք, ես կռահում եմ, որ կլինեն քննադատություններ՝ ինչո՞ւ եք բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, ուղիղ աշխատեք բիզնեսի հետ: Այստեղ կա մի քանի պատճառ, այնուամենայնիվ, կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար, խնդիրը գումար ծախսելու մեջ չէ, այսօր կարող ենք աջուձախ գումար ծախսել, բայց վաղը ինքներս մեզ ու հանրությանը պետք է հաշվետվություն տանք՝ ճի՞շտ էր այդպես ծախսել: Վաղը էմոցիաներն անցնելու են, մարդիկ ասելու են՝ լավ, մենք էինք էմոցիոնալ, այս ճգնաժամային իրավիճակում կառավարությունն ի՞նչ իրավունք ունի լինել էմոցիոնալ»:
Վարչապետը նշեց, որ հենց դրա համար կառավարությանը պետք է գործընկեր՝ պրոցեսը սթափ գնահատելու համար: Բացի այդ, վարչապետն ասաց՝ բանկում պահվում են քաղաքացիների խնայողությունները, իրենք սրանով երաշխավորում են դրամաշրջանառությունը, երբ ասում են՝ պատրաստ են աջակցել, որ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին աշխատավարձ վճարեն, երբ նա ստացավ այն, կփակի նաև վարկը: Դիտարկմանը, թե գործարարները երկընտրանքի մեջ են՝ մի կողմից ասում են՝ դուրս մի եկեք տներից, մյուս կողմից՝ եթե չաշխատեն, ինչպե՞ս են հնարավորություններ փնտրելու, վարչապետն արձագանքեց.
«Հիմա ավելի շատ մտածելու ժամանակ է: Նրանք, ովքեր աշխատելու են, կաշխատեն, «Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն, խոսքն այն մասին է, որ երբ հնարավորության մասին ենք խոսում, այո, այսօրվա, բայց ավելի շատ՝ վաղվա հնարավորության մասին է: Այստեղ երկակի իրավիճակ կա, բայց մենք խնդիրը այսպես ենք դնում, ահազանգում եք, որ ունենք այսպիսի համաճարակային խնդիր, բայց կան նաև հնարավորություններ: Կլինի՞, որ խանութները, հիվանդանոցները չաշխատեն, սնունդ արտադրողները չաշխատեն: Այսինքն՝ անկախ ամեն ինչից, այն տնտեսական սեգմենտը, որ այսօր ռեալ պահանջարկ ունի, միևնույն է՝ կաշխատի: Նրանք, ովքեր պահանջարկ չունեն, հնարավորություն ենք տալիս մտածելու իրենց ապագայի վերաբերյալ, կոչ ենք անում պահպանել հիգիենայի կանոնները, սոցիալական հեռավորությունը պահպանել, համբուրվելով բարևելու սովորությունից հրաժարվել, ձեռքով բարևելուց առժամանակ հրաժարվել»:
Վարչապետը նշեց՝ այս համաճարակի պատմությունը ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական կարգապահության և կանոնների պահպանման մակարդակը դառնում է ազգային անվտանգ խնդիր: Նրա գնահատմամբ՝ կորոնավիրուսը նեգատիվ օրինակով ապացուցեց, որ անհատական ջանքից կարևոր բան չկա:
«Սա հնարավորություն է, քանի որ հին աշխարհն այլևս գոյություն չունի: Մենք մտնում ենք նոր աշխարհ, եկեք՝ մեզ պատրաստենք նոր աշխարհը մեր ամբիցիաները կառուցելուն, առաջ գնալուն»,- նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր