00:00:00

Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ. Դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

23:03, 17 մարտ 2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Գոռ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանը ապօրինի որոշում է կայացրել՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումը։ Հարցին, թե ինչ հիմքով է դատարանը մերժել բողոքը, Գևորգյանը նշեց, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացել: «Ինչքան ուզում եմ պատկերացնել անգամ, թե ինչ պետք է գրած լինի, որևէ կերպ, անգամ ֆանտազիայի ժանրում, չեմ կարող հասկանալ իրավական մտքի ձևակերպումը, որով փորձել է շրջանցել բողոքումս վերհանած կարևոր հանգամանքները», - նշեց նա։ Պաշտպանը հայտնեց, որ որոշումը ստանալուն պես Վճռաբեկ բողոք կներկայացնեն։ Հիշեցնենք, որ հունվարի 30֊ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ: Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր