Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․
1․ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։
- Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։
- ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։