Քիչ առաջ ՀՀ ողջ տարածքում սահմանվեց Արտակարգ դրություն, որը ենթադրում է որոշակի արգելքներ ու սահմանափակումներ քաղաքացիների համար։
Արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բայց չսահմանափակվելով` ծննդյան, հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները:
Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են՝ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։
Դադարեցվում է պետական, համայնքային, ոչ պետական, միջազգային կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ նրանց, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն:
Պարետի ցուցումով կարող է համապատասխան համայնքներում արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ`
- համայնք մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ,
- անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ`մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում,
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում,
- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ,
- տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք: