00:00:00

Մենք չենք պատրաստվում ընտրություն կեղծել, տանկեր մտցնել քաղաք, որ պետք լինի ունենալ խամաճիկային ՍԴ. Արման Եղոյան

13:13, 12 մարտ 2020

Այսօր նախկին իշխանությունները մեզ մեղադրում են, ասում են՝ դուք ուզում եք ՍԴ էս դատավորներին հանեք, ձեր խամաճիկային դատավորներին բերեք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: «Հեղափոխությունից հետո էդ որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվել. հեռուստաընկերություննե՞րն եք դարձրել խամաճիկային, որոնց կեսից շատը ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի, մյուս կեսն էլ կարելի է ասել հավասարակշիռ են: Համայնքնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ որ համայնքում ժողովուրդն ինչպես ուզում է, այդպիսի ղեկավար էլ ընտրվում է: Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ գործադիր իշխանության կամքին հակառակ մի համայնքում մեկն ընտրվեր համայնքապետ: Բիզնեսնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ հստակ գիտեին ով որտեղ ոնց ում ինչքան եւ ինչի համար պետք է տար: Հետեւաբար հարց. Մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն դարձնել խամաճիկային: Որ իրենց նման կեղծված ընտրություններից հետո տանկեր մտցնենք քաղաք, ՍԴ-ն էլ արդարացնի՞ դա: Մենք չենք պատրաստվում ոչ հաջորդ ընտրություններին, ոչ երբեւէ ընտրություն կեղծել, տանկեր մտցնել քաղաք, ՍԴ-ն պատել փշալարերով, հատուկջոկատայինների փողերն ուղղել ՍԴ-ի դատավորների վրա, այդ ավտոմատների փողերի տակ ստիպել որոշումներ կայացնել, որ մի հատ էլ սարքենք խամաճիկային»,-հայտարարեց Եղոյանը: Նա երկու դրվագ հիշեցրեց ՍԴ-ի պատմությունից. «2003 թվականին ՀՀ-ում տեղի ունեցան խայտառակ նախագահական ընտրություններ խայտառակ ընտրախախտումներով: ՍԴ-ն այն ժամանակ իր մեջ համարձակություն գտավ խորհուրդ տալ երկրի այն ժամանակվա ղեկավարին՝ մեկ տարվա ընթացքում նշանակել վստահության հանրաքվե: Դուք հիշում եք, թե ինչ հրապարակային լուտանքներ թափվեցին ՍԴ դատավորների գլխին: Աստված գիտի, թե ոչ հրապարակային ինչեր են ասվել էդ մարդկանց; Հաջորդ օրը այդ դատավորները ստիպված էին արդարանալ, որ այո, գուցե իրավունք չունեին խորհուրդ տալ: Մեկ տարի հետո ժողովուրդը հավաքվեց ՍԴ շենքի առջեւ՝ պահանջելով իշխանություններից կատարել ՍԴ այսպես ասած, խորհուրդը: Ու ի՞նչ եղավ՝ ծեծ, ջարդ, մարդկանց ուղարկեցին տուն: 2008-ին էլի նույնը եղավ, ՍԴ-ն շփալարարեով շրջապատված արդարացրեց խայտառակ ընտրությունները: Իսկ 2018-ի դեկտեմբերին ընտրությունները եղան այնքան մաքուր ու արդար, որ ոչ ոք նույնիսկ ՍԴ չդիմեց, որովհետեւ կասկածից վեր էին դրանց արդյունքները: Ես վստահ եմ, որ նույնպիսին է լինելու հանրաքվեն»,-ասաց Եղոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր