00:00:00

Տիգրան Ավինյանը՝ դասերի դադարեցման հնարավորության մասին

12:10, 12 մարտ 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ ՄԻՊ-ն ասաց, որ այդ հարցով իրենց շատ են դիմում։ «Տարբերակն է դասերը տեղափոխել հետո, ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել»,- ասաց Թաթոյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագուն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց այնուամենայնիվ մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր