Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի 14 թեկնածուների գույքի եւ եկամտի մասին հայտարարագրերը։
Առաջադրված թեկնածուներից երկուսը կանայք են։ Նախկինում Արցախում կանայք նախագահի պաշտոնի համար հավակնություն չեն ներկայացրել։
Irakanum.am-ը ուսումնասիրել է առաջադրված թեկնածուների եկամուտները ըստ ներկայացված հայտարարագրի։
Առաջադրված թեկնածուներից Քրիստինե Բալայանը ըստ ներկայացրած հայտարարագրի ունի ընդամենը մեկ բնակարան քաղաք Ստեփանակերտում։ Նախագահի թեկնածուն գործազուրկ է։ Անշարժ ու շարժական այլ գույք հայտարարագրում նշված չէ։ Ըստ ներկայացված հայտարարագրի Բալայանն ունի ընդամենը 100 հազար դրամ։
Վիտալի Բալասանյանը, ով եւս առաջադրվել է նախագահի թեկնածու գործազուրկ է։ Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է Ասկերանում գտնվող բնակելի տունը, որպես համասեփականատեր։ Բալասանյանի դրամական եկամուտները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 2 միլիոն դրամ։ Շարժական գույք Բալասանյանը չի հայտարարագրել։
Արցախի նախագահի թեկնածուներից Սերգեյ Ամիրյանն էլ աշխատում է մասնավոր ընկերությունում, եւ ըստ ներկայացրած հայտարարագրի ունի կիսակառույց առանձնատուն Ստեփանակերտում։ Թեկնածուն նաեւ շարժական գույք է հայտարարագրել։ Խոսքը՝ Վազ 20․10 մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Ի տարբերություն վերը նշված թեկնածուների, Սերգեյ Ամիրյանի դրամական միջոցները բավականին մեծ են։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Ամիրյանը իր հաշվին ունի 10 միլիոն ՀՀ դրամ։
Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ներկայացրած հայտարարագրի համաձայն ունի 5 բնակարան, որից մեկը՝ Երեւանում։ Շարժական գույք սակայն Բաբայանը չունի։ Ինչ վերաբերվում է դրամական միջոցներին, ապա դրանք կազմում են 18․300․000 դրամ եւ 400 ԱՄՆ դոլար։ Բաբայանը հայտնել է, որ դրամական միջոցները առաջացել են աշխատավարձից։ Նախագահի թեկնածուն գործող նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում է աշխատում, ինչպես նաեւ Արցախի Պետական եւ Մեսրոպ Մաշտոց համալսարաններում։
Նախագահի մյուս կին թեկնածուն՝ Բելա Լալայանը եւս գործազուրկ է։ Որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ ոչ բնակելի տարածք եւ մեկ հողակտոր, իսկ որպես շարժական՝ Toyota մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցներ չունի։
Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով Արցախի նախկին վարչապետն էր, թերեււս նախագահի ամենահարուստ թեկնածուն է։ Նա հայտարարագրել է մեկ բնակելի տուն Ստեփանակերտում, երեք հողամաս, մեկ արտադրամաս եւ մեկ գրասենյակ։ Նա նաեւ թանկարժեք մեքենա է հայտարարագրել։ Թեկնածուն գյուղատնտեսական եկամուտներ է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 96 միլիոն դրամ։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Արայիկ Հարությունյանը բազմաթիվ այլ եկամուտի աղբյուրներ ունի, եւ Արցախում գործող մի շարք օբյեկտներ կապվում են նրա անվան հետ։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարագրել է մեկ բնակարան Ստեփանակերտ քաղաքում եւ 200 հազար դրամ որպես դրամական միջոց։
ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը եւս աղքատներից չէ։ Նա ունի երկու բնակելի տուն Ստեփանակերտում, երկու հողամաս, մեկ ավտոտնակ։ Թեկնածուն նաեւ անասնաֆերմա ունի։ Ինչ վերաբերվում է շարժական գույքին, ապա ըստ հայտարարագրի Իշխանյանը ունի Honda-CRV եւ Нива-ВА32121 մակնիշի ավտոմեքենա։ Անդրադառնալով դրամական միջոցներին նշենք, որ ըստ հայտարարագրի նա ունի 5 միլիոն ՀՀ դրամ եւ 8 հազար ԱՄՆ դոլար։
Արցախի նախագահի թեկնածուի պաշտոնին հավակնում է նաեւ Վահան Բադասյանը։ Նա ունի երկու բնակարան Հադրութում եւ մեկ ալրաղաց։ Բադասյանի շարժական գույքերի թիվը հասնում է մոտ մեկ տասնյակի, իսկ դրամական միջոցները կազմում է 4․820 հազար դրամ։
Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ հողամաս Ստեփանակերտ քաղաքում եւ երկու ավտոմեքենա։ Նա հաշվին հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել է 9 միլիոն դրամ։
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը համեստ հայտարարագիր է ներկայացրել։ Արցախի խոսնակն ըստ հայտարարագրի ունի մեկ բնակարան, իսկ ահա շարժական գույք չունի։ Որպես դրամական միջոց ներկայացրել է ԱԺ նախագահի աշխատավարձը՝ 1․120 հազար դրամ։
Արցախի անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը հողամասեր ունենալու սիրահար է։ Նա հայտարարագրել է 10-ը հողամաս, մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ ավտոկայանատեղ։ Նախագահի թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է Մերսեդես Բենս մակնիշի ավտոմեքենան։ Ի տարբերություն մյուս թեկնածուների նա նաեւ ռուսական ռուբլի ունի։ Մասնավորապես ունի 4․500 հազար դրամ, 15․500 ԱՄՆ դոլար եւ 200 հազար ռուսական ռուբլի։ Թեկնածուն նաեւ մի շարք ընկերություններում փայատեր է։
Թեկնածուներից Աշոտ Դադասյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անշարժ գույք եւ 3 միլիոն ՀՀ դրամ դրամական եկամուտ։
Մելսիկ Պողոսյանն էլ ունի երկհարկանի շինություն, մեկ բնակարան, կիսակառույց շինություն, ինչպես նաեւ բնակելի մեկ տարածք։ Նրա դրամական միջոցները հասնում է 2․796 հազար դրամի։
Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Այդ օրը արցախցիները կընտրեն ոչ միայն նախագահ, այլ նաեւ՝ խորհրդարան։
Irakanum.am