SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռումարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելու շուրջ։
Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։
Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով, և Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Խալափյանը իրենց մոտ եղածսուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։ Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ոփյանը ինքնակամ ներկայացել է Լոռու մարզաին քննչական վարչություն։ Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական հաշվառված է Ա. Ոփյանի անունով։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ՝ Հ. Գասոյանին, Ա. Թաթուլյանին և Ա. Խալափյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 29-ին հերթական կրակոցներն էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Անտոնյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանն ու վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը: