00:00:00

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

17:12, 13 փետրվար 2020 Աշխարհ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
«Իմ վերջին 5 տարիները պատված են մոխրագույն գծերով: Ժամանակն է, որ մարդիկ իմանան` ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու»,-նշել է ղազախ առաջնորդի թոռը: Այսուլթանն ընդգծել է, որ եթե ժողովուրդը միավորվի պետության դեմ, կարող է պետությունը «ոտքից գլուխ» շրջել և այդ ժամանակ «նոր սկիզբ» կլինի: Նա նշել է, որ Աստված իր կողմից է, և նա իր կողմնակիցների հետ կհաղթի: Նազարբաև կրտսերը վստահեցնում է, որ ինքը տիրապետում է ռուսական ու ղազախական իշխանությունների միջև կոռուպցիայի մասին տեղեկատվության: Իր ընտանիքին նա անվանում է «ագահ և անկուշտ», և դա առաջին հերթին վերաբերում է իր մորը` Դարիգա Նազարբաևային, որն առաջին նախագահի դուստրն է: Տղան նշել է, որ ամեն ինչ սկսվել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր ղեկավար պաշտոն զբաղեցնելուց: Այդ ժամանակ Դարիգա Նազարբաևան և նրա ամուսին Կայրաթ Շարիպբաևը սկսել էին ինտրիգներ հրահրել Այսուլթանի նախկին աներ Կայրաթ Բորանբաևի դեմ` ներգրավելով դրանում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Դրա պատճառը Ղազախստանի պայմանագիրն էր Ռուսաստանի հետ, որով Ղազախստանը նավթ էր վաճառում ռուսական ընկերությանը: Այսուլթանը վստահեցնում է, որ գումարը պահվում է Սինգապուրում և ի վերջո հայտնվում ռուսական էլիտայի գրպանում: «Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա 700 միլիոն դոլար շահույթը կիսվում է Տիմուր Կուլիբաևի և իմ նախկին աներոջ` Կայրաթ Բորանբաևի միջև»,-նշել է Այսուլթանը: Այսուլթանի մայրը փորձել է խլել պայմանագիրը, սակայն երիտասարդն աներոջն է պաշտպանել: Դրանից հետո կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել: Նուրսուլթան Նազարբաևն Այսուլթանին իր մոտ է կանչել և խիստ զրույց է ունեցել: Դրանից հետո թոռը հիասթափվել է իր պապից: «Նա իր կյանքում շատ սխալներ է արել, բայց լավ բաներ էլ քիչ չի արել»,-ասել է Այսուլթանը: Այսուլթան Նազարբաևն արդեն մի քանի տարի է` ապրում է Մեծ Բրիտանիայում: 2019 թվականի հուլիսին նա կծել էր ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի նախկին նախագահի 30-ամյա թոռանն այդ արարքի համար դատապարտել էին 1 տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքների, մի քանի հազար ֆունտ ստերլինգ տուգանքի և վնասի փոխհատուցման, ինչպես նաև ստիպել էին բուժում անցնել թմրանյութերի կախվածությունից` այցելելով առնվազն 20 բժշկական սեանսի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր