Եթե մեր դիրքորոշումների վերաբերյալ իշխանությունն ունի լարվածություն, դա խոսում է նրա անհանդուրժողականության մասին, որովհետեւ մեր դիրքորոշումները մեր ազատ կամքի, մեր քաղաքական որոշումների արտահայտության արդյունքն են: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «Իմ քայլ»-ի կողմից լարվածությունը ԼՀԿ-ի հանդեպ ՍԴ-ի վերաբերյալ հարցի դիրքորոշումից է:
«Եթե ինչ-որ մեկը մեր դիրքորոշման հետ ունի անհամաձայնություն, դա արդեն իրենց խնդիրն է, մերը չէ»,-ասաց նա:
Սամսոնյանը նշեց, որ իշխող ուժը հղում է անում նրան, թե իբր ԼՀԿ-ն պաշտպանում է մեկ անձի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ փորձելով թաքցնել այն, որ իրենք ընկել են այդ մեկ անձի հետեւից: «Մենք բազմիցս ամբիոնից հնչեցրել ենք, որ պաշտպանում ենք օրենքը եւ իրավականությունը եւ կոչ ենք անում բոլոր գործողությունները պայմանավորել օրենքի, իրավականության շրջանակներում եւ չբերել հակասահմանադրական նախագծեր: Եթե մենք կոչ ենք անում օրենքի գերակայության, չի նշանակում, որ մենք պաշտպանում ենք մեկ անձի, իսկ եթե իշխանությունները հանրաքվե են անում մեկ անձի հեռացնելու համար, ակնհայտ է, որ իրենք են մեկ անձի հարց լուծում», - ասաց Սամսոնյանը:
Հարցին՝ քարոզարշավի ժամանակ լռելո՞ւ են, թե այդուհանդերձ արտահայտելու են իրենց դիրքորոշումը, Սամսոնյանն ասաց, որ իրենց շատ են դիմում քաղաքացիներ եւ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: «Մենք ասում ենք մեր դիրքորոշումը եւ փորձում ենք պարզաբանել, թե ինչու ենք դեմ: Այս գործընթացը շարունակվելու է ամբողջ քարոզարշավի ժամանակ: Մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանալու, եւ մենք մեր դիրքորոշումը առիթների դեպքում արտահայտելու ենք եւ լուռ չենք մնալու: Բայց մենք այս ընթացքում զբաղվելու ենք այն գործերով, որոնք իրականում բերելու են փոփոխություններ: Մենք կառչած չենք մնալու իշխանության՝ մեկ անձի հարց լուծելու օրակարգից»,- ընդգծեց նա:
Նա անդրադարձավ հիշեցմանը, որ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա կեղծ օրակարգ է եւ իրենք չեն խառնվելու կեղծ օրակարգին: «Շատ դժվար է, երբ դու չես պահպանում քո սկզբունքները: Երբ որդեգրում ես մի վարքագիծ որպես ընդդիմություն, շատ կարեւոր է, որ այդ վարքագիծը պահպանես որպես իշխանություն, այստեղ է երեւում քաղաքական գործչի, քաղաքական ուժի սկզբունքայնությունը եւ կանխատեսելիությունը»,-ընդգծեց Սամսոնյանը: