Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հորիզոն 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ պարոն ռեկտոր,
Հարգելի՛ դեսպաններ,
Գործընկերներ,
Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց առանցքային միտքը ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա դեպի ապագան նայող եւ հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող եւ իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության եւ գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով:
Հետեւաբար, ուրախ եմ ներկա գտնվել այստեղ եւ շնորհավորել բոլորիս, հատկապես Երեւանի պետական բժշկական համալսարանին եւ ուսանողներին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ:
Կարեւոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարեւոր է նաեւ համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլեւ Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաեւ բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչեւ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը:
Մեզ համար բանաձեւը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը եւ կարեւորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:
«COBRAIN»-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախեւառաջ, դրա կարեւոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը:
Ինչու՞ է սա կարեւոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռեւս անբուժելի է: Ընդ որում` դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին: Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլեւ դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաեւ ռազմավարական նշանակություն:
Այսպիսով, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս եւ մաղթել բարի երթ»: