Զոհրաբ Մնացականյան. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականտեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն:
Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները:
Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ:
Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:
Ստեֆ Բլոկ. «Ինձ համար սա մեծ պատիվ է և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»: