ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Գազպրոմ Արմենիայից» սպասվում է շուրջ 600-800 կրճատում և հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսում Կառավարությունը այդ առումով:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այսօր արդեն գազի վերաբերյալ հարցերին անդրադարձել էր: «Սկսել եմ գազի վերաբերյալ հարցերից արդեն հաճույք ստանալ»,- նախ նշեց նա:
Այնուհետև Մհեր Գրիգորյանը նշեց, որ անկախ սակագնի հարցից, սահմանի գնի հարցից, անկախ ամենից, եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, նրանք պետք է կրճատվեն, և դա վերաբերում է թե՛ կառավարման համակարգին, թե՛ մասնավոր ցանկացած ընկերությանը, և թե՛ մասնավորապես հենց «Գազպրոմ Արմենիային»:
«Որովհետև, եթե արատավոր երևույթ, ինչպիսին է` ուղղակի էլեկտորատ մասնավոր կառույցում, կամ առավելևս մի կառույցում, որը հանրային ծառայություններ է մատուցում, դրա վերջը շատ վատ կլինի։ Իհարկե, մենք պարտավոր ենք մտածել, որ այդ մարդիկ առանց աշխատանք չմնան, բայց մարդատեղ ապահովել «Գազպրոմում», իհարկե բացառված է և փառք Աստծո, որ նման պրոցես տեղի է ունենում, և մեր գործը հեշտանում է, եթե մենք խոսում ենք ծախսերի օպտիմիզացման մասին: Ես չեմ թաքցնում, որ մենք շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի վերաբերյալ»,- ասաց նա:
Մհեր Գրիգորյանը նաև ասեց, թե կարծում է, որ չկա տնտեսվարող, որը լավ մասնագետից կհրաժարվի: