ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշմանը եւ ներկայացրեց լուծման միջանկյալ տարբերակ, համաձայն որի՝ որոշման ամբողջական գործադրումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը, բացառությամբ Երեւանի սպուպերմարկետների եւ մայրաքաղաքի սննդի կետերի։
Մինչ այդ կլսեն ֆերմերներին եւ նոր կստեղծեն կամ կֆինանսավորեն սպանդանոցների ստեղծումը։ «Արդյո՞ք մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին. այո եւ միանշանակ այո: Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ:
Այո, եւ այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ այս պահի դրությամբ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ: Կառավարւթյունը պատրաստ է քայլ ձեռնարկել եւ առաջարկում ենք հետեւյալը. մինչեւ սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:
Եւ եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք մինչեւ հուլիսի մեկը միասին աշխատենք եւ այս պրոցեսը մինչեւ վերջ տանենք, պայմանով, որ հուլիս 2-ից ի վեր այս թեմային չենք վերադառնալու, ոչ մի պայմանով եւ ոչ մի պատճառաբանությամբ: ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ստանդարտներով»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: