00:00:00

«Երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք». Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

13:30, 22 հունվար 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվում էր քաղաքապետարանին նախորդ տարի նվիրաբերած բազմաթիվ նվիրատվությունների հետ կապված կասկածելի կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի համար դեռևս դեկտեմբերին ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից մի շարք պատգամավորներ դիմել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, ինչ այսօր արեց իշխող խմբակցությունը, պարզապես անընդունելի է: «Հեղափոխությունից հետո սա երևի առաջին մեծ հետընթացն է Հայաստանի խորհրդարանական կյանքում՝ ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից և ընդդիմության իրավունքների սահմանափակումների առումով: Կարծում եմ՝ սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, և այն կարող է լինել շարունակական: Երկու օր առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում ընդդիմությունն ազատ է: Բայց հետո, երբ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, հանկարծ մերժվում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, սակայն Մարուքյանն ապշել է, քանի որ երկրի երկրորդ պաշտոնյան իր խոսքի արժեքի հանդեպ նման վերաբերմունք է ցուցաբերում: «Մենք սպասում էինք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվի, այսինքն՝ քննիչ հանձնաժողովը կա, հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի, որտեղ իշխանական մեծամասնությունից պետք է լինեին 7 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ 2-ական պատգամավորներ: Բայց հանկարծ իշխանական պատգամավորները ելույթ են ունենում, թե այդ ամենն անօրինական է, իրավունքների սահմանազատում է, և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք առաջին հերթին պատրաստվել էին խեղաթյուրել գործընթացը: Այնուհետև ԱԺ նախագահը ելույթ է ունենում ու հայտարարում, որ «Իմ քայլը» որոշել է դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, սա անլրջություն է: Գիտենք, որ երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ բաներ են խոսում, իրենց խոսքին հետևեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա դիտարկմամբ՝ ԱԺ մեծամասնությունն իր քայլով տապալել է հանձնաժողովի ստեղծման գործընթացը, քանի որ իշխանությունը վախենում է՝ կան կասկածներ, որոնք փարատելու փոխարեն՝ իշխանությունը դրանք արմատավորում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր