00:00:00

Բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը. Ջանջուղազյան

18:06, 20 հունվար 2020 Տնտեսություն

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության նպատակներից է բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը: «Բարեփոխումների օրակարգը ձևավորվել է հենց կառավարության ծրագրով նախանշված դրույթները իրականություն դարձնելու նկատառումով: Բարեփոխումների տեսլականը, ըստ էության, հանրային բարիքի, հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործման միջոցով հանրային բարիքի արդար բաշխման նպատակադրումն է»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ ամենը կիսատ կլինի, եթե բավարար չափով թափանցիկ չներկայացվի: Փաստաթղթում ներկայացված նպատակներից են բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, երաշխավորել, որ միջոցները կապակցված լինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանեն գերակայություններին և քաղաքականության թիրախներին: Նպատակներից է նաև ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Ջանջուղազյանը նկատեց՝ դժվար թե կասկած առաջացնի այն հանգամանքը, որ վարկային և դրամանշնորհային ծրագրերի ծախսարդյունավետությունը ձևակերպված է որպես գերակայություն: Գերակայություն է նաև պետական պարտքի արդյունավետ կառավարումը: «Ստվերային տնտեսության կրճատմանը և մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը նույնպես գերակայություն է հայտարարված: Հարկային համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է՝ միգուցե նույնիսկ ավելի շատ, քան պետք է, միգուցե ավելի շատ են առաջարկները փոփոխությունների վերաբերյալ, քան անհրաժեշտ են, բայց մեր նպատակն է այս բարեփոխումների համատեքստում գտնել այն հավասարակշռության կետը, որը հնարավորություն կտա ունենալ համարժեք հարկային համակարգ: Այդ տեսակետից դժվար է թերագնահատել ստվերային տնտեսության կրճատման անհրաժեշտությունը, որի մասին մշտապես եղել են հայտարարություններ»,-ասաց նախարարն ու նշեց՝  սակայն դա մշտական պայքար ենթադրող երևույթ է։ Ջանջուղազյանը ռազմավարությունը կազմելու գործընթացքում բավականին ակտիվ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր