Ես ուրախ կլինեմ, որ ունենաք այն անկախ դատական համակարգը, որի մասին ամեն օր խոսվում է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դատական համակարգի խնդիրներին:
«Սահմանադրական փոփոխությունները, որոնք արվելու են, և որի համար ստեղծվում է հանձնաժողով, մենք պետք է հասկանանք, որն է լինելու սահմանադրական փոփոխությունների օրակարգը: Մինչև հանձնաժողով ստեղծելը՝ գոնե խորհրդարանական ուժերին պետք է ներկայացվի, թե ինչու ենք գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ինչն է խոչընդոտում գործող իշխանությանն անել ռեֆորմներ, բայց ինչպես ասում են՝ սայլը դրվեց ձիուց առաջ, և մենք կքննարկենք, թե ինչ փոփոխություններ են լինելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ որևէ քաղաքական ճնշում ՍԴ-ի հանդեպ չպետք է կիրառվի: «Եթե խոսում էինք, որ ժամանակին ՍԴ-ն գտնվում էր նախորդ, ապա դրա նախորդող իշխանության կրնկի տակ, ապա ինձ համար բացարձակապես կրունկը կարևոր չէ: Ես չեմ ուզում, որ հիմա էլ գտնվի այս իշխանության կրնկի տակ. ինձ համար տարբերություն չկա՝ կրունկը Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինը, թե կլինի Նիկոլ Փաշինյանինը: Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը: Եթե փոփոխությունները լինելու են այդ ուղղությամբ, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, ապա օքեյ է, եթե ամեն ինչ արվելու է, որ դատարանները հիմա էլ գտնվեն այս իշխանության կրնկի տակ փռելու համար, ապա մեզ համար լինելու է անընդունելի, և մենք այդ մասին բարձրաձայնելու ենք ու չենք լռելու»,- շեշտեց նա: