Ապրիլյան քառօրյա գոյամարտից անցել է երեք տարուց ավելի: Քառօրյան պատերազմ էր, որտեղ անկախության սերունդը կռվեց մինչև արյան վերջին կաթիլը: Ապրիլյան քառօրյան ևս մի անգամ ապացույցը եղավ այն բանի, որ հայ մայրը բոլոր ժամանակներում էլ ծնում է հերոս՝ հայրենի հողին հավատարիմ որդի: Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է այսօր: Մերուժանը կդառնար 27 տարեկան: Քաջ, համառ, զուսպ, հավասարակշռված և տաղանդավոր. այս հատկանիշներով են բնութագրում Մերուժան Ստեփանյանին հարազատներն ու ընկերները:
Մերուժանը ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին Գյումրիում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշ գյուղի զորամասում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ: Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Ապրիլյան պատերազմի հետևանքով ամենից շատ տուժել էր Թալիշ գյուղը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գրավել ռազմական հենակետեր, ինչպես նաև ռմբակոծել գրեթե բոլոր տները։ Թալիշում հայկական կողմը տվեց մի քանի տասնյակ զոհ, ընդ որում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում:
Մերուժան Ստեփանյանը Թալիշի 170 դիրքում էր ծառայում: Ապրիլի 2-ին իր զինվորների հետ կռվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ: Անհավասար մարտում մեկը մյուսի հետևից հետ մղելով գրոհները՝ Ստեփանյանն ու իր մարտիկները թշնամուն ցույց տվեցին, թե ինչպես են կռվում հայ հետախույզները: Ավագ լեյտենանտը հերոսաբար զոհվել է Թալիշի մարտական դիրքում: