«Եթե պարոն Մարությանն իսկապես մտահոգ է և պատրաստակամ է ամեն ինչ անելու, որ այս հարցը պարզաբանվի, ես կարծում եմ, որ նա քննող հանձնաժողովի նիստերին կկարողանա պատասխանել այդ հարցերին, և այնտեղ ամեն բան պարզ կլինի։ Ես ուրախ եմ, որ քաղաքապետարանում կա այդպիսի շահագրգռվածություն, և հույս ունեմ, որ քաղաքապետը կներկայանա հանձնաժողովի նիստերին և կտա հուզող հարցերի պատասխանները։ Այդ դեպքում գործարքների ողջ պերճանքը տեսանելի կլինի։ Եթե այդպես մտահոգ են այդ հանգամանքով, ուրեմն թող ներկայանան հանձնաժողովի նիստերին, որոնք հույսով եմ հունվար, փետրվար ամիսներից կմեկնարկեն», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է ուղղել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ու Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ առաջարկելով հերքել կամ փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնել լրատվամիջոցներով արված իրենց հայտարարությունների վերաբերյալ, որտեղ նշել էին՝ քաղաքի նվիրատուները ոչ թե «Կամազ», այլ առձեռն փող են տվել քաղաքային իշխանությանը։
Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանն» ասաց՝ քաղաքապետի դեմ ուղղորդված հակաքարոզչություն են նկատում, ընդգծեց՝ դրանք նաև լրատվամիջոցներով են արվում։ Կարապետյանի կարծիքով՝ եթե Խաժակյանի ու Մարուքյանի այս պնդումները քաղաքական հայտարարություններ են, ապա չպետք է լինեն մերկապարանոց և այդպիսով միանան հակաքարոզչության արշավին։ Խոսնակն ասում է, որ քաղաքին արված նվիրատվությունների թեմայով կառուցողական քննադատություններ նույնպես եղել են։
«Էդ քննարկումը նաև ուղեկցվում էր մեծ ծավալի ապատեղեկատվությամբ և մանիպուլյացիաներով, և տարբեր կալիբրի, ռանգի գործիչներ ու լրատվամիջոցներ, թույլ տամ նաև ինձ ասել՝ դեղնավուն լրատվամիջոցներ նաև որոշակի հրապարակումներ արեցին, սակայն կոնկրետ այս դեպքը, որին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը այս պաշտոնական նամակներով, վերաբերում է երկու գործիչների, հանրությանը հայտնի գործիչների և որոշակի քաղաքական դաշտում կշիռ ունեցող գործիչների, և պարոնայք Մարուքյանը և Խաժակյանը ժամանակագրական հերթականությամբ՝ 2-3 շաբաթվա տարբերությամբ, արել են էդ պնդումները, որ քաղաքապետարանը փող է վերցրել, ոչ թե «Կամազ» է վերցրել։ Այո, քաղաքապետարանը սպասել է, որպեսզի նրանք ինչ-որ փաստաթղթեր, չնայած հասկանալի է, որ էդ փաստաթղթերը ներկայացնել չէին կարող, որովհետև էդպիսի փաստեր չկան, դա պարզ ասած, ապատեղեկատվություն է։ Քաղաքապետ Մարությանն այս նամակով կոչ է անում գալ ավելի պատասխանատու, այսինքն՝ հանրային խոսքում ավելի պատասխանատու լինելու հարթակ։ Արդեն պարոն Մարուքյանի և պարոն Խաժակյանի արձագանքից հետո հասկանալի կլինի, թե ինչ գործողությունների պետք է դիմել», - ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Էդմոն Մարուքյանն աշխատանքային այցով արտերկրում է, նրա հետ խոսել մեզ չհաջողվեց։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ «Ազատությանն» ասաց, որ հարցի հասցեատերն ինքն է, ոչ թե Մարուքյանը։ Փաստեր, ասաց, ունեն, բայց դրանք հիմա չեն հրապարակելու, որովհետև փոխանցել են Ազգային ժողովում Երևանին նվիրատվություններ անելու հարցը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովին։
Դավիթ Խաժակյանը հավելեց՝ թող քաղաքապետը գնա ու այնտեղ պատասխանի հարցերին։