Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը.
«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին և «մատը պահել զարկերակին»:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։ Սոլեյմանիից բացի սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ տասը զինակիցներ։ Զոհվածները երկու մեքենայով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից։ ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/502508767044965/