Ազգային համագործակցություն հիմնադրամի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ամանորյա ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախ ցանկանում եմ Ամանորի, Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորել Ձեզ, մաղթել առողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ Ձեր կյանքի, գործունեության բոլոր ոլորտներում:
Անկախ տարիքից, գտնվելու վայրից, մեր հայացքներից, մոտեցումներից մենք բոլորս էլ մեր ժողովրդի հարազատ զավակներն ենք: Եւ ամեն մի նոր տարվա շեմին պարտավոր ենք մեզ հարցնել՝ մենք ինչ ենք անելու մեր ծնողի համար: Մենք Ինչ ենք անելու, որ նա ոչ միայն այս նոր տարին, այլ դարերի մեջ էլ կարողանա հարատևել, զարգանալ: Որ իրավունք ունենա, կարողանա իր արժանի տեղն ու դերը գրավել քաղաքակրթական արդի զարգացումներում և այսօր էլ, վաղն էլ իր որդիների, դուստրերի համար արժանապատիվ ապրելու նպաստավոր պայմաններ ստեղծի:
Նոր տարին, նոր հնարավորությունների տարի է: Եւ անկախ նրանից, թե անցնող տարում ինչ խնդիրներ, տարաձայնություններ են ծագել, եթե նպատակը սուրբ է մենք պարտավոր ենք մի կողմ դնելով մանր մունր վեճերը նորից անդրադառնալ, քննարկել թե ինչպես և ինչ կարելի է անել մեր երկրի, մեր Հայոց աշխարհի համար:
2020 այս թվականը աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի համար իրոք բեկումնային տարի կարող է դառնալ: Օգտվելով աշխարհքաղաքական մեզ համար խիստ բարենպաստ իրավիճակից, հեռահաղորդակցման, հեռակապի, արդի նվաճումներից, լուծելով ընդամենը որոշ կազմակերպչական խնդիրներ (մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով armnational.am կայքը)՝ Ժամանակն է և կարող ենք մենք էլ վերջապես սկսենք աշխարհով մեկ ձևավորել սահմաններ չճանաչող մեր հզոր Ազգ կազմակերպությունը՝ համազգային կառույցների մեր միաձույլ համակարգը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:
Խանգարող լուրջ հանգամանքներ ներկայումս իրոք չկան: Մեկնարկը հնարավորինս շուտ պետք է տրվի: Եւ տա աստված, որ Ձեր ակտիվ մասնակցությամբ համատեղված մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն»,– ասված է հայտարարությունում :