Հարցազրույց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ։
-Պարոն Խուդաթյան ամփոփենք անցնող 2019-ը․ ինչպիսի՞ն էր այն Ձեր քաղաքի համար, ի՞նչ առաջընթացներ ու հաջողություններ արձանագրվեցին։
-Ընդհանուր առմամբ 2019 թվականը կարելի է գնահատել հաջող․ բուռն աշխատանքային տարի ստացվեց։ Քաղաքում մի քանի խոշոր աշխատանքներ իրականացվեցին, ևս մի քանիսն ընթացքի մեջ են և 2020 թվականին կավարտվեն։Ամենախոշոր աշխատանքները, որ արեցինք՝ ասֆալտապատվել են քաղաքի կենտրոնական հատվածի երեք փողոցներ, այսինքն երեք փողոցների տարբեր հատվածներ, որոնք քաղաքի կենտրոնական մասն են։ Ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտավորեպես 50 միլիոն դրամ է։
Լուսավորության ցանց ենք անցկացրել․ մոտավորապես 6 կմ լուսավորության նոր ցանց է կառուցվել քաղաքում, լուսավորվել են փողոցներ, որոնք նախկինում երբեք լուսավորված չեն եղել։ Այս աշխատանքն իրականացվել է համայնքի միջոցներով։
Մյուս կարևոր գործը՝ հիմնվել է քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված երկրորդ զբոսայգին, այնտեղ ծառատունկ է իրականացվել։ Զբոսայգու ջրամատակարարման համակարգն է կառուցվել և ընդհանուր առմամբ քաղաքում 2019 թվականի ընթացքում մոտավորապես 1500 ծառեր են տնկվել։ Ծառատունկը մյուս տարիներին ևս պլանավորում ենք շարունակել։
-Այսինքն, հեղափոխական մոտեցումներն ակնհայտ են Արմավիր քաղաքում։
-Հաշվի առնելով զարգացումները քաղաքում, այսինքն նախկին քաղաքապետի հրաժարականը, իմ նշանակումն ու դրանից հետո անցկացված ընտրությոոնները՝ կարելի է ասել, որ հեղափոխությունը առաջիններից մեկը հասավ Արմավիր։
2019 թվականին իրականացված ևս մեկ-երկու կարևոր ծրագրերի մասին նշեմ․ քաղաքում հիմնվել է Շառլ Ազնավուրի անվան հուշարձան -պուրակ, Շառլ Ազնավուրի կիսանդրին , հուշարձանն է տեղադրվել քաղաքում։ Սա երկրորդ կիսանդրին է քաղաքում, այդքան կարևոր է, քանի որ Արմավիրն ի տարբերություն մյուս քաղաքների մշակութային քիչ վայրեր ունի, քիչ արձաններ կան քաղաքում, ուստի այսպիսի գործերը լայն արձագանք են ունենում ժողովրդի կողմից։
2020 թվականի համար կարևոր ծրագիր է արդեն հաստատված՝ ասֆալտապատվելու է քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Երևանյան փողոցը, որը հանրապետական նշանակության ճանապարհի հատված է։ Սա իրականացվելու է կառավարության միջոցներով․ այն ավելի քան 1 միլիարդ դրամանոց նախագիծ է։ Սա հետսովետական շրջանի ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է Արմավիրում։ Մյուս կարևոր գործը, որ ընթացքի մեջ է և սկսել ենք ու շարունակվում է․ դա կառավարություն-մասնավոր-համայնք համագործակցության արդյունքում Սիլիկյան թաղամասի վթարային դարձած և այրված շենքերի թվով 30 ընտանիքներ 2020 թվականին բնակարան կստանան։ Այդ գույքի կազմում գտնվող մեկ շենք է կառավարությունը փոխանցել համայնքին, մասնավորի հետ կա պայմանավորվածություն և մասնավորը այն վերածելու է բնակարանների, շենքը վերանորոգվելու ու գազաֆիկացվելու է և կոմունալ բոլոր հարմարությւոններով հանձնվելու է շահառուներին։
Եւս մեկ կարևոր աշխատանք, որն ընթացքի մեջ է՝ Արմավիրի կենտրոնական զբոսայգում մասնավորի հետ համագործակցության արդյունքում 2019 թվականին սկսվել է 2020 թվականին կավարտվի ատրակցիոնների տեղադրումը, նախատեսվում է ունենալ լողավազան, որը ձմռան ամիսներին կծառայի որպես սահադաշտ։
Այս պահի դրությամբ ոչ համայնքի միջոցներով, բայց համայնքում իրականացվում են մարզադաշտի վերանորոգման աշխատանքներ ։ 2020 թվականին արդեն մարզադաշտը պատրաստ կլինի, և ըստ նախնական պայմանավորվածության ֆուտբոլի ֆեդերացիան մարզադաշտը փոխանցելու է ակումբներից մեկին, որն Արմավիրում կհիմնի ֆուտբոլի ակադեմիա։
Ֆիննանսական ցուցանիշների մասին նշեմ․ 2019 թվականին արդեն մեկ անգամ Արմավիրի քաղաքապետարանի և ենթակայության բոլոր օղակների աշխատողների աշխատավարձը բարձրացվել էր , 2020 թվականին ևս մեկ անգամ աշխատավարձի բարձրացում է լինելու, այսինքն ինչպես 2019-ին , այնպես էլ 2020 թվականին բարձրացված աշխատավարձ են ստանալու։ 15-20 տոկոս է բարձրացվելու, խոսքը վերաբերվում է 570 աշխատողի, այսինքն մանկապարտեզներ, սպորտ դպրոցներ, համայնքապատկան բոլոր օղակների բոլոր աշխատակիցների մասին է խոսքը։
Ֆինանսական լավ ցուցանիշներ ունենք, տարին ամփոփում ենք բյուջեի գերակատարմամբ։ Ավելի քան 103-104 տոկոս հավաքագրում ունենք այս պահի դրությամբ, իսկ 2017 թվականի վերջի համեմատ սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել է 35 տոկոսով։
-Պարոն Խուդաթյան, փաստորեն 2019-ը բավականին հաջողված տարի կարելի է համարել։ Հղեք նաև Ձեր շնորհավորական խոսքը Արմավիրի բնակիչներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։
2019 թվականը հաջող տարի ստացվեց , կցանկանամ, որ 2020թվականը էլ ավելի հաջող լինի, քան 2019-ն էր, և ուզում եմ վստահեցնել, որ և՛ Արմավիրում , և՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր նախադրյալները կան, որ 2020 թվականը իր հաջողությամբ գերազանցի 2019 թվականին։
Կցանկանամշնորհավորել նախ Արմավիրի բնակիչներին տոների կապակցությամբ, բոլորի ընտանիքներին ցանկանալով առողջություն, իսկ մեր քաղաքին ու քաղաքի գործերին հաջողություն, նաև շնորհավորւմ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին ու ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր կոլեկտիվներին։