Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դեկտեմբերի 27-ին, հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից եւ վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետեւ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- ֆեյսբուքի իր ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է Խաժակյանը:
Ըստ «Լույս» խմբակցության ղեկավարի, իր զգայարանները հուշել են, որ ուղիղ եթերի ժամանակ Երեւանի քաղաքապետարանում են գտնվել նաեւ ՀՔԾ ներկայացուցիչները, որոնք ինչ-որ գործողություններ են իրականացրել:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ, քանի որ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հանցագործության մասին հաղորդում էր տվել ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի: Ըստ Խաժակյանի, Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ իր լիազորությունները սկզբում դնելով փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, այնուհետ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, ով Խաժակյանի պնդմամբ, դրանք իրականացնելու իրավունք չի ունեցել: «Կարգադրության մեջ փաստացի գրվեց հետեւյալը, որ Հրաչյա Սարգսյանը պետք է լիազորությունները վերապահի Հայկ Սարգսյանին քաղաքապետի կարգադրությամբ եւ հանձնարարությամբ: Ես դիմել էի, որ այդ վերապահման փաստաթուղթն ինձ տրամադրեին: Դա ինձ չտրամադրվեց, այլ տրամադրվեց բուն կարգադրությունը: Եվ այսօր իմ զգայարանն ասաց, որ Դավիթ չկա այդպիսի փաստաթուղթ»:
Խաժակյանն ուղիղ եթերում նաեւ ասաց, որ իր զգացողությամբ, քաղաքապետարանում ՀՔԾ ներկայացուցիչները որոշակի քննարկում են իրականացրել, թե ինչպես է հնարավոր կարգավորել այդ հարցը: «Որովհետեւ, եթե չկա Հայկ Սարգսյանին լիազորությունները վերապահելու այդպիսի որոշում, ապա 2 հնարավոր տարբերակ է մնում, կամ այսօր պետք է Հրաչյա Սարգսյանը ստեղծի այս փաստաթուղթը հետին թվով, կամ պետք է փոխվի քաղաքապետի կարգադրությունը, որը հրապարակված է, եւ ինձ էլ է պաշտոնապես տրված: Ենթադրենք, ինչ-որ կերպ լիազորությունները վերապահվել են Հայկ Սարգսյանին, ո՞րն է դրա հետեւանքը: Դրա հետեւանքն այն է, որ Հայկ Սարգսյանը ստորագրել է 70-ից ավելի իրավական ակտ, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ, որոնք անօրինական են եւ կարող են հեշտությամբ չեղարկվել: Դա հենց վնասն է, որը շտկելու տարբերակներ են ման գալիս»,-հայտարարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա, պետք չէ ծանրացնել վիճակը, որովհետեւ մի բան է լիազորությունն անցնել, փաստաթղթի կեղծիքով, մեկ այլ բան է շարունակաբար դա անել,-ասել է Խաժակյանն ու հույս հայտնել, որ ՀՔԾ-ն պատասխանատու մոտեցում կցուցաբերի: «Երբ Դուք տալիս էիք ինձ կարգադրությունը, որով էդ լիազորությունն էր վերապահվում, բայց պարզվեց իմ ձեռքի տակ կա իրականաը, երբեք չեք իմանա, թե էլ ինչ կարող է իմ ձեռքի տակ լինել: Էն, ինչ հիմա փոխում եք, սարքում եք, խնդրում եմ, նման բաներից զերծ մնալ, որպեսզի հետո միմյանցից եւ հասարակությունից նեղանալու առիթներ չունենանք»,-խոսքն ավարտել է Դավիթ Խաժակյանը: